Կուտակային կենսաթոշակ

1000

Նույնիսկ կուտակային կենսաթոշակ վճարողներից շատերը այսօր չեն պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում այս վճարը: Ստորև ներկայացնում ենք կենսաթոշակի մասին ընդհանուր ակնարկ:

Կենսաթոշակային համակարգի ծրագիրը գործում է 2011թ.: Կուտակային կենսաթոշակին անցնելու հիմնական պատճառն այն էր, որ պետությունը չի կարողանում բարձր թոշակ ապահովել տարեց մարդկանց համար: Նպատակն է բարեկեցիկ ապագա ապահովել թոշակառուների համար: Օրինագծի գաղափարը կայանում էր նրանում, որ ամեն ամիս աշխատողները իրենց աշխատավարձի 5%-ը հատկացնում են կուտակային կենսաթոշակին, իր հերթին 5% էլ ավելացնում է պետությունը: Այնուհետև ֆինանսների նախարարությունը առաջ բերեց այլ տարբերակ. ժողովրդի բեռը թեթևացնելու նպատակով աշխատողը վճարի ամսական իր աշխատավարձի 2.5%-ը, իսկ մյուս 7.5%-ը՝ պետությունը:

Ինչու՞ հենց աշխատավարձի 10%-ի չափով գումար:

Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ բարեկեցիկ ապագայի համար ամսական պետք է խնայել Ձեր եկամուտի 10%-ը: Նույն օրինաչափությունն է ընկած նաև կուտակայինի հիմքում:

Ի սկզբանե համակարգին կարող էին միանալ 16 տարին լրացած անձինք ինքնակամ սկզբունքով: Համակարգի հանդեպ հետաքրքրությունը մեծ չէր, ինչի արդյունքում 2014թ սկսած այն դարձավ պարտադիր, սակայն ցանկացած աշխատող իրավունք ուներ սեփական դիմումի հիման վրա հրաժարվել համակարգին միանալուց: Այս պահին արդեն ԱԺ օրակարգում է այն պարտադիր դարձնելու խնդիրը:

Ծրագրի համաձայն կենսաթոշակից կուտակված գումարները կսկսեն վերադարձվել քաղաքացիներին 2036 թվականից: Առանձին դեպքերում մասնակիցները կսկսեն ստանալ իրենց կուտակած գումարը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը: Օրինակ, երբ քաղաքացին իր հաշվին կուտակի մոտ 20 միլիոն դրամ, ապա 57 տարեկանից կարող է կենսաթոշակառու դառնալ: Եթե գումարը բավական է ժամանակից շուտ կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում է անուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ: Վերջինս էլ իր հերթին պարտավորվում է ցմահ վճարել մասնակցի կուտակային կենսաթոշակը:

Քաղաքացին կարող է նաև ժամանակից շուտ ստանալ իր գումարը, եթե մշտական անգործունակ է դառնում կամ անբուժելի հիվանդություն է ձեռք բերում:

Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից կիմանաք՝ որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքան է դրանց հաշվարկային արժեքը դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները:

Կուտակային կենսաթոշակի մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ABCfinance կայքում:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը այն մասին, թե ինչ բաղադրիչներից է կազմված Ձեր կեղտոտ աշխատավարձը: