Ինչպե՞ս գումար խնայել

2065
գումար խնայել

Որոշե՞լ եք գումար խնայել, բայց չգիտե՞ք՝ ինչպե՞ս: Որպես կանոն, գումար խնայելու ամենադժվար մասը սկսելն է: Ամեն ինչ ավելի հեշտ է, երբ Դուք որոշել եք՝ ինչ եղանակով եք գումար խնայելու և ինչ նպատակով եք այն ծախսելու:

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպես գումար խնայել:

  1. Գրանցե՛ք Ձեր ծախսերը.

Մինչև խնայելը պետք է հասկանաք՝ ինչի վրա եք Դուք գումար ծախսում: Գրանցեք Ձեր բոլոր ծախսերը և հետո թվերը դասակարգեք ըստ կատեգորիաների, ինչպես օրինակ՝ սնունդ, տրանսպորտ, զվարճանքներ, ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորություններ և այլն: Հասկացեք, թե որքան գումար եք ամսական հատկացնում յուրաքանչյուր խմբին:

  1. Պլանավորե՛ք խնայողությունները.

Ծախսերը հասկանալուց հետո արդեն կարող եք մտածել խնայողությունների մասին: Որոշե՛ք՝ Ձեր ամսական եկամտի քանի՞ տոկոսն եք խնայելու: Եթե ծախսերն այնքան շատ են, որ չեք կարող այդքան խնայել,  ուրեմն ժամանակն է նորից անցնել առաջին կետով և կրճատել ծախսերը:

  1. Որոշե՛ք՝ ինչու՞ եք խնայում

Փող հավաքելու լավագույն եղանակը նպատակը որոշելն է: Արդյո՞ք ուզում եք մեկնել հանգստի, տունը վերանորոգել թե տեխնիկա գնել: Նպատակը որոշելուց հետո հաշվարկե՛ք՝ որքա՞ն ժամանակ կպահանջի Ձեզանից այդ նպատակի իրագործումը:

Եթե Դուք արդեն սկսել եք գումար խնայել, ապա կարևոր է, որ չհանձնվեք և հասնեք Ձեր պլանավորած արդյունքին: Գումարի խնայումը պետք է Ձեր կենսակերպի մեջ կանոնավոր գործընթաց դառնա: Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեզ շատ գումար խնայել.

  • Հաշվե՛ք՝ մեկ ժամում ինչքա՞ն գումար եք աշխատում

Հաշվե՛ք, թե Ձեր աշխատավարձի պայմաններում որքան գումար եք վաստակում մեկ օրվա և մեկ ժամի ընթացքում: Ցանկացած գնումից առաջ մտածեք՝ քանի ժամում եք աշխատել նրա արժեքը և արդյոք արժեր այդքան աշխատել այդ ապրանքի համար: Սա շատ աշխատող մեթոդ է, որը հաճախ հետ է պահում ոչ առաջնային գնումներից:

  • Գումարը պահե՛ք անկանխիկ

Որպես կանոն, կանխիկ գումարը ավելի հեշտ ենք ծախսում, քան անկանխիկ գումարը: Փորձե՛ք կանխիկ շատ գումար ձեռքի տակ չունենալ, հատկապես, որ այսօր գրեթե ամենուր կարող եք բանկային քարտով վճարումներ անել:

  • Օգտվե՛ք միայն Ձեր բանկի բանկոմատից

Օգտվե՛ք միայն այն բանկոմատներից, որոնք Ձեզանից գումար չեն պահում: Առաջին հայացքից գուցե 1-2% պահումը մեծ գումար չթվա, սակայն տարեկան կտրվածքով բավականին ավելորդ կորուստ եք ունենում:

  • Ապաբաժանորդագրվե՛ք

Մարկետինգային ակցիաներով գայթակղվելուց խուսափելու համար ապաբաժանորդագրվեք բոլոր նամակներից, որոնք ստանում եք Ձեր սիրելի խանութներից: Երկարաժամկետ պլանում հաստատ ազդեցությունը ակնհայտ կլինի:

Կարդացե՛ք նաև մեր խորհուրդները՝ ինչ անել, եթե պարտքեր ունեք: