Ինչպե՞ս անվտանգ օնլայն գնումներ անել

1978
Օնլայն գնումներ

Օնլայն գնումներ կատարելը այսօրվա իրականության մեջ բավականին տարածված երևույթ է: Եկեք ընդունենք՝ չունենք որևէ պատճառ, թե ինչու չգնել օնլայն: Կարող ենք գնել մեզ համար նախընտրելի բրենդեր, շատ կայքերում լինում են հատուկ առաջարկներ կամ զեղչեր, առաքումը բավականին արագ է, ապրանքների վերադարձը հնարավոր է:

Սակայն օնլայն գումար ծախսելուց առաջ պետք է համոզվել, որ գնումը անվտանգ է: Այսօր քիչ չեն կայքերը, որոնք օնլայն բանկի կամ իրական խանութի անվան տակ գողանում են օգտատերերի գումարները կամ տվյալները:

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ՝ ինչպես համոզվել՝ արդյոք գործ ունեք անվտանգ օնլայն խանութի հետ.

  1. Օգտվե՛ք ծանոթ կայքերից Եթե Դուք ինչոր ապրանքի կարիք ունեք, նախ և առաջ ստուգեք՝ արդյոք Ձեզ ծանոթ կայքերում առկա է տվյալ ապրանքը և նոր միայն որոնեք այն Google-ում: Եթե գիտեք կայքը, ուրեմն օնլայն գնումներ կատարելը անվտանգ է: Եթե կայքից չեք օգտվել, սակայն առաջարկը լավն է, կարող եք մի քանի նախազգուշական քայլեր ձեռնարկել: Ստուգեք՝ արդյոք տվյալ կայքի մասին հաճախորդների կարծիքներ կան այլ կայքերում:Եթե օգտատերերը որևէ տեղ կարծիք չեն թողել, ապա խուսափեք այդտեղից օնլայն գնումներ անելուց:
  2. Ստուգե՛ք կայքի անվտանգությունըԵրբեք գնումներ մի՛ կատարեք կայքից, որը չունի SSL: Դուք դա կարող եք ստուգել կայքի հղումից (այն պետք է սկսի HTTPS://-ով http-ի փոխարեն):
  3. Մի՛ ‹‹պատմեք›› ամեն ինչ Ոչ մի օնլայն գնումների կայք գործարք անելու համար կարիք չունի ունենալ Ձեր սոց քարտի համարը կամ ծննդյան ամսաթիվը: Եթե բացի վճարման եղանակից, առաքման հասցեից, հեռախոսահամարից և էլ. հասցեից Ձեզանից պահանջվում է այլ ինֆորմացիա, ապա պարզապես հրաժարվեք գնումներից: Միաժամանակ կարդացեք կայքի գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի հասկանաք՝ հնարավո՞ր է կայքը կիսվի Ձեր ինֆորմացիայով երրորդ կողմի հետ: Հիշե՛ք՝ ինչքան շատ ինֆորմացիա ունենա կայքը Ձեր մասին, այնքան հեշտ կլինի գողանալ Ձեր ինքնությունը:
  4. Պաշտպանե՛ք Ձեր համակարգիչը. Երբեմն գողերը չեն սպասում, որ Դուք տրամադրեք ինֆորմացիա, նրանք անձամբ են ներխուժում Ձեր տվյալների մեջ: Համակարգչի մեջ տեղադրեք հակավիրուսային ծրագիր և համոզվեք, որ այն կանոնավոր կերպով թարմացվում է:
  5. Խուսափե՛ք չափից դուրս գրավիչ առաջարկներից. Ցանկացած օնլայն խանութ, որը առաջարկում է չափից դուրս լավ ապրանք շատ մատչելի գնով, կասկածելի է: Եթե գնառաջարկը շատ շահավետ է, կա հավանականություն, որ ապրանքը տեղ չի հասնի, բրենդային ապրանքի կեղծված տարբերակ կլինի կամ պարզապես գործարքի նպատակը Ձեր անձնական ինֆորմացիան վերցնելն է:
  6. Ստուգե՛ք ընկերության առաքման պայմաններըՈրոշ ընկերություններ էժան գների միջոցով գրավում են հաճախորդների ուշադրությունը, փոխարենը բավականին շատ գումար են գանձում առաքման համար: Շահավետ գնումը թանկարժեք սխալի չվերածելու համար ստուգե’ք` ո՞ր ընկերությունն է իրականացնում բեռնափոխադրումը և արդյոք առկա է ապահովագրություն և փոխադրման կարգավիճակը հետևելու կոդ:

Այս կետերին հետևելու արդյունքում հաստատ անակնկալի չեք գա ձեռքբերած ապրանքի որակի կամ ամսվա վերջում բանկային հաշվի քաղվածքի արդյունքում: Ցանկացած գնումից առաջ և հետո խորհուրդ ենք տալիս ստուգել հաշվի մնացորդը, որպեսզի խնդիրների դեպքում կարողանաք ժամանակին քայլեր ձեռնարկել:

Կարդացե՛ք նաև, թե ինչ պարտավորություններ ունեն ֆինանսական կազմակերպությունները Ձեր անձնական տվյալների հանդեպ: