Երեխաների ֆինանսական կրթություն

1075
Երեխաների ֆինանսական կրթություն

Եթե ժամանակին բոլորիս մոտ ընդունված էր, որ երեխաները վաղ հասակում չպետք է իմանան՝ ինչ է ֆինանսը և այդքանով անհոգ մանկությունը երաշխավորված է, ապա այսօր այդպես չէ: Մասնագետների կարծիքով երեխաների ֆինանսական կրթություն թեման ակտուալ է արդեն 3-4 տարեկանից սկսած:

Ահա մի քանի խորհուրդներ՝ ինչպես սովորեցնել Ձեր երեխային ֆինանսներ.

  1. Ցանկության և անհրաժեշտության տարբերակում

Լավ ֆինանսական որոշումը սկսում է  նրանից, որ մենք տարբերակում ենք՝ մեզ ինչ է պետք և ինչ ենք ուզում ունենալ:

Նախադպրոցական երեխայի ուղեղը լրիվ ունակ է տարբերակելու այս երկու եզրերը: Ծնողները իրենց եկամուտը հատկացնում են այնպիսի կարիքների, ինչպիսին են տանիք ունենալը, սնունդը, դեղորայքը: Միաժամանակ նրանք գնում են խաղալիքներ կամ ընտանեկան արձակուրդ են պլանավորում միայն այն դեպքում, երբ կարիքները հոգացել են:

Ավելի մեծ տարիքում երեխաները ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է կարիքը: Նրանք արդեն սննդի և հագուստի մեջ էլ կտարբերակեն՝ ինչն էլ պարտադիր և ինչը ցանկություն:

  1. Գնման հետաձգում

 Այս հմտությունը սովորելը երեխաների համար շատ կարևոր է և կօգնի հետագայում, որ նրանք ավանդ ունենան, գումար խնայեն և անգամ աշխատավարձը պլանավորեն այնպես, որ մինչև ամսվա վերջ գումարը բավարարի: Եթե խանութում որևէ բան եք հավանում, ապա ասեք նրան, որ դա Ձեզ անհրաժեշտ է, բայց կգնեք մյուս ամիս, քանի որ այս ամսվա Ձեր բյուջեն արդեն պլանավորել եք:

Նույն կերպ եթե նա ուզում է ծախսել իր գումարը, ապա ստիպեք, որ մտածի՝ դա անհրաժե՞շտ է նրան այս պահին, թե՞ կարող է ավելի ուշ ձեռք բերել:

  1. Ի՞նչ է վարկը

Երեխաների ֆինանսական կրթություն եզրույթը հիմնականում իր մեջ ներառում է արժեքների և վարքագծի ձևավորում: Այդ պահին կարևոր չեն փողի տեխնիկական կողմերը: Հիմնական բացառությունը վարկի բացատրությունն է:

Երեխաները պետք է հասկանան, որ սա պարտք է, որն արժեք ունի:  Միաժամանակ պետք է հասկանան, որ վարկ վերցնելը երբեմն բավականին թանկ հաճույք է: Վարկը վատ բան չէ միայն այն դեպքում, եթե այն վերցնում ես խելամտորեն:

  1. Ինչպե՞ս է փողն աշխատում ռեալ կյանքում

Հաստատ կհիշեք նման դեպք, երբ Ձեր երեխան որպես շատ գումար նշել է ենթադրենք 1000 դոլարը, որով կարող է գնել տուն և ավտոմեքենա: Այսպիսով նրա համար փողը վերացական երևույթ է և նա ընդհանրապես պատկերացում չունի փողի իրական արժեքի մասին:

Դարձրեք փողը նրա համար շոշափելի: Պատմեք նրան՝ Ձեր աշխատավարձի քանի տոկոսն եք ծախսում սնունդի, տան վարձակալության, կոմունալների վրա: Այս տարիքից արդեն կարևոր է, որ երեխան հասկանա, թե ինչպես է աշխատում ընտանեկան բյուջեն:

  1. Ժամանակի ընթացքում գումարի ավելացում

Պատմեք Ձեր երեխային Ձեր ավանդի մասին: Բացատրեք նրան՝ ինչպես է աշխատում այն և ինչպես է ժամանակի ընթացքում ավելանում գումարը: Նաև բացատրեք, թե X ժամանակ անց ինչ կարող եք գնել ավելացված գումարով:

Ստեղծեք նաև նրա ‹‹բանկը››: Խնայատուփ գնեք կամ միասին պատրաստեք ապակու տարայից: Թող երեխան իր ունեցած գումարը պահի խնայատուփի մեջ: Ժամանակի ընթացքում քննարկեք նաև, թե ի՞նչ է պլանավորում գնել խնայատուփից ստացված գումարներով: Միասին հաշվարկեք՝ որքա՞ն ժամանակից դա հնարավոր կլինի: Երեխային ֆինանսական կրթություն տալու ավելի լավ տարբերակ չեք գտնի:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը այն մասին, թե ի՞նչ է ֆինանսական գրագիտությունը: