Բանկային հաշիվ: Խորհուրդներ

704
հաշիվ

Որոշե՞լ եք բանկային հաշիվ բացել: Առաջին հայացքից գուցե պարզ գործ թվա, սակայն բանկային հաշիվ բացելը ենթադրում է շուկայի որոշակի ուսումնասիրություն:

Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչի՞ն ուշադրություն դարձնել:

  1. Ճշտե՛ք վճարները

Բանկային հաշիվը իրենից ենթադրում է սպասարկման վճար: Միաժամանակ գործում են տարբեր միջնորդավճարներ գումարի կանխիկացման, ուրիշ հաշվի փոխանցում անելու և այլ գործարքների դեպքում: Տարբեր են նաև միջնորդավճարները, երբ գումար եք կանխիկացնում այլ բանկոմատներից: Ճշտեք այս բոլոր վճարներն ու պահումները և համոզվեք, որ ընտրում եք օպտիմալ տարբերակ:

  1. Համոզվե՛ք, որ բանկն ունի օնլայն բենքինգի հնարավորություն

Գուցե առաջին հայացքից այս կետը կարևոր չթվա, բայց հավատացեք՝ օնլայն բենքինգը որոշում կայացնելու հարցում կարևոր նախապայման է: Այն ոչ միայն հեշտացնում է գործարքների պրոցեսը, այլև ֆինանսական հոսքերը դարձնում է ավելի կառավարելի:  Հեռախոսի կամ համակարգչի միջոցով կարող եք վճարել վարկերը, կոմունալները, հեռախոսի վարձավճարը կամ այլ հաշվի գումար փոխանցել մի քանի քլիքի միջոցով:

  1. Ուսումնասիրե՛ք բանկի մասնաճյուղերի/բանկոմատների քարտեզը

Անկախ օնլայն բենքինգի հնարավորությունից՝ շատ հաճախ ամենատարբեր գործարքների համար բանկ այցելելը պարտադիր է: Միաժամանակ այսօր Հայաստանի պայմաններում պարտադիր է նաև կանխիկ գումարի անհրաժեշտությունը: Այդ պատճառով ցանկալի է ընտրել այնպիսի բանկ, որը մասնաճյուղ ունի Ձեր տանը/ աշխատատեղին մոտ: Մասնաճյուղի/բանկոմատի առկայությունը ենթադրում է ինչպես ժամանակի խնայում, այնպես էլ ավելորդ միջնորդավճարներից խուսափում:

  1. Ունեցե՛ք կուտակային հաշիվ

Եթե ամեն ամիս որոշակի գումար եք խնայում, ապա ինչու՞ դա չանել կուտակային հաշվի վրա և արդյունքում տոկոսագումարներ ստանալ: Հակառակ դեպքում ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում և Ձեր գումարը կորցնում է իր արժեքը: Պահեք Ձեր ընթացիկ հաշվին այնքան գումար, որքան կծախսեք և մնացած ամբողջ գումարը ավելացրեք կուտակային հաշվի վրա:  Արդյունքում տոկոսագումար կաշխատեք և միաժամանակ ցանկացած պահի հասանելիություն կունենաք կուտակային հաշվում առկա գումարի նկատմամբ:

  1. Ծանոթացե՛ք վարկային գծի պայմաններին

Բոլորիս հետ լինում են դեպքեր, երբ շտապ գումարի անհրաժեշտություն է առաջանում: Եթե վարկային գիծը ընդունում եք որպես նմանատիպ իրավիճակներում գումար գտնելու տարբերակ, ապա ուշադիր ծանոթացեք նաև բանկի այս առաջարկին: Իմացեք՝ ի՞նչ պայմաններ են գործում վարկային գծի դեպքում, որքա՞ն կարող է լինել նվազագույն/առավելագույն վճարը, ի՞նչ ժամկետով և ի՞նչ տոկոսադրույքով է տրվում: Համոզվեք, որ տեղյակ եք ամեն ինչից և թաքնված ծախսեր չկան:

  1. Վերահսկե՛ք Ձեր հաշիվը

Եթե ունեք բանկային հաշիվ, ապա  այն պետք է մշտական վերահսկողության տակ պահեք: Ցանկացած պահի պետք է իմանալ՝ ինչքա՞ն գումար ունեք: Միաժամանակ եթե ունեք կուտակային հաշիվ կամ վարկային գիծ, կատարեք համապատասխան մաթեմատիկական հաշվարկները:

Հիշե՛ք բանկային հաշիվ ունենալու հիմնական պատճառներից մեկը խնայելն է, այդ իսկ պատճառով ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեք նաև Ձեր ծախսերին և գնումներին:

Կարդացեք նաև մեր գրառումը բանկային հաշվի առավելությունները թեմայով: