Աշխատանքային իրավունքներ

    41
    աշխատանքային իրավունքներ

    Եթե Դուք նոր եք սկսում Ձեր կարիերան, ապա շատ կարևոր է, որ իմանաք, թե ինչ աշխատանքային իրավունքներ Դուք ունեք: Ինֆորմացիան կարևոր նախապայման է, որ հետագայում կարողանաք պաշտպանել ինքներդ Ձեզ:

    Ահա մի քանի կարևոր դրույթներ ՀՀ աշխատանքային օրենսգրքից.

    • Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ամրագրվում են աշխատանքային պայմանագրով: Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ: Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել ինչպես անորոշ, այնպես էլ որոշակի ժամկետով:
    • Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
    • Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել:

    Աշխատաժամանակի տևողություն

    1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
    2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ աշխատանքային օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
    3. Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:

    Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը

    Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:  Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

    Աշխատանքային իրավունքներ թեմայով այլ ինֆորմացիա կարդալու նպատակով կարդացեք ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:

    Ձեր իրավունքների խախտման դեպքում կարող եք դիմել Աշխատանքի Պետական Տեսչություն կամ աշխատանքի դատարան: Դիմողը չի կրում դատական վարույթի ծախսերը:

    Գուցե՞ Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը բանկային քարտերի վերաբերյալ: